ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մի զրպարտեք Գագիկ Ծառուկյանին

Մի զրպարտեք Գագիկ Ծառուկյանին
06.02.2015 | 22:41

Ո՞վ է գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը: Պարզվում է՝ սա է ամենակարևոր հարցը, որովհետև նախ՝ Գագիկ Ծառուկյանը նոր ոչինչ չի ասել, բոլոր դրույթները, ուղերձները, նորի ու նորագույնի առաջարկները արդեն եղել են, ու երեկ հնչածը միքս էր, տեղ-տեղ մի քիչ պատճառահետևանքային կապը խառնած: Եվ՝ հետո, մարդը ճիշտ էր ասում, որ Հայաստանում քաղաքական միտքը, գիտեք, ինչ է անում, հիմա էլ քաղաքական միտքը Գագիկ Ծառուկյանի ելույթից կարևորեց ոչ թե բուն բովանդակությունը, այլ՝ հեղինակին: Ճիշտ է՝ լրագրողների թեթև ձեռքով ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղղորդմամբ: Եթե նա չասեր, թե Ծառուկյանը իր ելույթում ինքն իրեն հակասել է, ո՞վ էր մտածելու հակասական հեղինակի մասին: Առավել ևս, որ լավ էլ հայտնի է՝ ո՞վ է Գագիկ Ծառուկյանի ելույթի հեղինակը: Հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Բայց քանի որ նա խիստ կարևոր հանդիպման էր շտապում, հարկադրված էր հանձնարարել իր ելույթը գրել մի խումբ կուսակիցների, ու քանի որ հայերը սովորաբար չորսով հինգ երգ են երգում, ստացվել է՝ ինչ ստացվել է: Ծառուկյանն ի՞նչ մեղք ունի: Ոչ մի: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը Գալուստ Սահակյանը չի գրել, կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի հեղինակային իրավունքը: Չեղավ, ազնիվ չէ: Կուսակցականին վայել չէ ու ընդհանրապես՝ ի՞նչ կարևոր է՝ ո՞վ է գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը: Կարևորը՝ Ո՞վ է կարդալու ու Ի՞նչ է ասելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չէ, ես գիտեմ, որ «ով» դերանունը մեծատառով է գրվում, եթե «ով»-ով է սկսվում նախադասությունը, նույնը՝ «ինչ»-ը: Բայց այս դեպքում խոսքը Սերժ Սարգսյանի մասին է և նախագահականում ընդունված է Նախագահը գրել մեծատառով՝ նախադասության ցանկացած մասում: Իսկ գուցե Գագիկ Ծառուկյանի ելույթը հենց նախագահականում էլ գրվե՞լ է:

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ